Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
30.06.2020 | 00:45
...Երկու պատգամավորներից մեկն էր, որ կռահելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատողության տոնով հիշեցումը, վայրկենապես նախահարձակ եղավ՝ ես դիմակով եմ։ Կռահեցիք, խոսքը բժշկական դիմակ կրել-չկրելու և Տիգրան ՈՒրիխանյանի մասին է։
Նա այն սակավաթիվներից է, որ գիտի բառ ու բանի արժեքը, խոսելու, քննադատելու, փաստերը մեկ առ մեկ շարելու տեղն ու ժամանակը։
Ե՛վ թասիբն է տեղը, և՛ դուխը. Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկելիս նա խոստովանություն արեց. «Տարաձայնություններ եմ ունեցել ԲՀԿ-ի հետ, այսօր էլ կան, ես ժամանակին պատրաստ եմ եղել մանդատս վայր դնելուն, բայց Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չի համաձայնել, այլև գնահատել և ինձ խորհուրդներ է տվել... Հիմա, ինչ-որ թղթեր, ցուցակներ եք բերել՝ կապելով 2017-ի ընտրությունների ժամանակ իմ գործունեության հետ, թե իբր ձայներ կորզելու նպատակով օրինախախտումներ են տեղի ունեցել։ Չկա նման բան։ Ինչ արել եմ, լավ եմ արել։ Ես ինչպե՞ս կարող եմ չկանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին»։
ՈՒրիխանյանը հրաշալի տիրապետում է նաև լռելու, անխոս համաձայնելու և կամուրջները մինչև վերջ չայրելու արվեստին։ Ի տարբերություն շատերի, այդ թվում՝ օրենսդիր գործընկերների, երկու դեպքում էլ չոր է դուրս գալիս։ Սա բանիմացության և կլասիկ քաղաքական գործչի տիպիկ օրինակ է։ Ինքն ու՜ր, Էդմոն Մարուքյանը ուր...
Լոռեցին իր միամիտ, էմոցիոնալ պահվածքով, պարզ ու շիտակ դրսևորումների արդյունքում աջից-ձախից, դիմացից թե մեջքից քանիցս «ճիպոտահարվել» է, երաշխիք էլ չկա, թե նրան ինչ է սպասում առաջիկա մշուշոտ շաբաթում կամ սկիզբ առած ներքաղաքական զարգացումների խառնիփնթորում։
Անորոշությանը տեղյակ է, իրավիճակը՝ գնահատող։ Եվ թավիշով խաղի մեջ մտնելու համար նախընտրեց պահի թելադրանքը՝ ամեն գնով հիշեցնել իրենց գոյության մասին, ցանկացած առիթ հնարավորինս օգտագործել քաղաքական դաշտում «Լուսավոր Հայաստանի» կշիռը մեծացնելուն։
Ինքնամղվող Մարուքյանը, եթե շաբաթներ առաջ սուրճի սեղանի շուրջ Փաշինյանին ակնարկեց, որ իրենք են հաջորդ իշխանությունը, ու տեսանք արդյունքը, օրերս արդեն ԱԺ-ում զգուշավոր «դիվանագիտություն» խաղաց Ծառուկյանի գործից բխող ԲՀԿ-ի երկու նախաձեռնությունների առիթով, որոնց իրագործումն առանց ԼՀԿ-ի պարզապես անհնար է։
Քսանհինգ մանդատ ունեցող «Բարգավաճին» մի դեպքում անհրաժեշտ է 28 ստորագրություն, որպեսզի ԱԺ-ում ստեղծվի համաճարակի կանխարգելման ուղղությամբ կառավարության ձեռնարկումները դիտարկող-գնահատող հանձնաժողով, մյուսում՝ 35, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարանում վիճարկելու Ծառուկյանի նկատմամբ քաղաքական իշխող ուժի որոշման օրինաչափությունը։
Երեք ձայնի դիմաց Մարուքյանի պայմանը` կմիանանք, եթե հանձնաժողովը ինքներս ենք նախագահելու, հասկանալի է, իսկ ՍԴ դիմելը... Քանի որ իրավական դաշտում դեռևս սպառված չեն ընձեռված բոլոր հնարավորությունները, ուստի անարդյունավետ է նման գործընթացի ձեռնարկումը։
Ինչո՞վ կավարտվի ժամանակավոր համագործակցությունը կամ ձայների «առևտուրը», դժվար է ասել։ Ժամանակը ցույց կտա։ Իսկ նման խնդիրներից կիլոմետրերով հեռու ՈՒրիխանյանը, եթե ոչինչ չշահի, կորցնելու բան էլ չունի։ Թվում է` «ջանջիգարի» կողմնակից է, բայց երբեք փայտը ձեռքից գցողը չէ։
Գրեթե հենց այս սցենարը գործեց կառավարության հերթական հարց ու պատասխանի ժամանակ, երբ ՈՒրիխանյանը հնչեցրեց իր թագավորական հարցը՝ ու՞ր են զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման հիմնադրամի 1000-ական դրամները. «Չկա 300 մլն դրամը, չկա 600 մլն դրամը և առավել ևս, մեկուկես տարվա կտրվածքով մոտ 800 միլիոնը։ Խնդիրը 50 հազարից ավելի բացահայտված, ստվերից դուրս բերված աշխատատեղերին է վերաբերում, որոնցից զինծառայողների հիմնադրամ պետք է փոխանցվեր այդքան 1000-ական դրամ, որը մինչև հիմա հիմնադրամ չի հասել»։
Թեման նորություն չէ։ Սկսվել է 2018-ից, բայց ամեն անգամ, երբ բացվում են հարցադրումների նոր շերտեր, զուգահեռաբար խորանում են պատասխան տարաձայնություններն ու հասցեականության թափառումները։ Եվ բացառված չէ, որ ուրիխանյանական հավերժահարցը անմար կրակի նման հա՛ էլ կարող է բոցկլտալ, քանի դեռ չկա հստակ և հիմնավոր պատասխան։
Նույն հարցը տարբեր ձևակերպումներով, բայց միևնույն տեղը ծեծող ՈՒրիխանյանը քանիցս հորդորել է՝ «Եկեք բացահայտենք և պատժենք մեղավորներին»։ Վարչապետն առնվազն չորս անգամ լսել ու չի առարկել։ Անգամ համաձայնության նշաններ է ցույց տվել. «Եթե ձեր մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ արդեն սկսում է անհանգստացնել, և պետք է այս հարցի պատասխանը ստանանք։ Առաջարկում եմ աշխատանքային կարգով նստեն, թղթերը դնեն, թվերը համեմատեն, տեսնեն որտեղ է պրոբլեմը»։
Փաշինյանի անհանգստությունը նպատակին ծառայեց. ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության և հիմնադրամի պաշտոնական փաստաթղթերում ու հաշվետվություններում կան ինչպես թվային, այնպես էլ ժամանակագրական անհամընկումներ։ Գլուխ չես հանում՝ կա՞ն, թե՞ չկան փոխանցված գումարներ, եթե այո, ապա ո՞ր ժամանակահատվածում և արդյո՞ք դրանք հասել են հիմնադրամ որպես դրոշմանիշային վճար։
ՈՒրիխանյանի՝ որպես հիմնադրամի խորհրդի անդամի, պաշտոնական խողովակներով տված ու ստացած պատասխան-բացատրությունները նույնպես չեն հանգում մի կետի։ Ընդհակառակը, այնքան են ճյուղավորված, որ նա վարչապետին արդեն որերորդ անգամ ստիպեց խոսել. «Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը պաշտպանության նախարարն է ու ինքը տվել է տեղեկանք այն մասին, որ 2019-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, հիմնադրամին ավել է փոխանցվել 648,8 մլն դրամ, աճը՝ 12,6 %, ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանշային վճար վճարել, ընդհանուրը 5 մլրդ 148 մլն-ի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Բայց նկատենք, որ դրամներն ուղիղ հիմնադրամ չեն գնում, գնում են ՊԵԿ...», հետո էլ ավելացրեց. «չի բացառվում, որ հիմնադրամի ու թվերի մեջ դիսոնանս լինի»։
Մեկնաբանությունը ՈՒրիխանյանը հալած յուղի տեղ չընդունեց, ասելով, որ իր ձեռքում կա նշված փաստը չհիմնավորող պաշտոնական փաստաթուղթ։ Սրամտության ծայրը բռնած Փաշինյանը չկորցրեց իրեն. «Իմ մոտ եղածն ավելի պետական է», ու բացատրությունը տարավ-տեղավորեց այլ սխեմաների մեջ, որ «հնարավոր է այս ամսին լինի, մյուսում չլինի փոխանցում, որովհետև դա այնքան էլ պարզ գործընթաց չէ։ Փուլային է և ոչ համաժամ»։
Թնջուկից մի մասնիկ հասկանալու համար մեջբերենք հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանի պնդումը վարչապետի ոչ ճիշտ տեղեկատվության առիթով. «որ 2019 թ. առաջին կիսամյակում 347,8 մլն դրամով ավելացել է փոխանցված 1000-ական դրամների գումարը։ Իրականում դա կազմել է ամսական 20 մլն դրամ։ Այսինքն, 6 ամսվա ընթացքում ստացվում է ոչ թե 347,8 մլն, այլ 120 մլն դրամ»։
Տարբերությունը մտահոգիչ է, որին ի պատասխան, ՊԵԿ-ը հորդորել է դիմել ֆինանսների նախարարություն։ Իսկ այստեղ, պետբյուջե մուտքագրված և հիմնադրամ փոխանցված գումարների ցանկում չես գտնում ո՛չ վարչապետի, և ո՛չ էլ տնօրենի վկայակոչած միլիոնները։ Դրոշմանիշային վճարներին առնչվող պետական մարմինների, հիմնադրամի և ՈՒրիխանյանի դիտարկումները չունեն ընդհանուր հայտարար։ Ո՞վ է ճիշտ։ Իսկ վարչապե՞տը։
Մեզ հասած լուրերի համաձայն, հիմնադրամում արշալույսները խաղաղ չեն բացվել։ Տարաձայնություններ և աշխատանքային վեճեր եղել են ինչպես հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների, այնպես էլ նրանց ու նախագահի միջև։ Անգամ նիստերից մեկն ընդհատվել է այն բանից հետո, երբ տնօրենի հաշվետվությունից պարզվել է՝ 2019-ին ավելի մուտքը եղել է 24 միլիոն, ոչ թե Փաշինյանի հայտարարած 347 մլն։ Առաջարկվել է դիմել դատախազություն՝ հիմք ընդունելով, որ վարչապետի նշած թիվն է ճիշտ, իսկ 323 մլն-ի տարբերությունը, ամենայն հավանականությամբ, ՊԵԿ-ն է յուրացրել։ Դավիթ Տոնոյանը խնդրել է չդիմել նման քայլի, պարզաբանումներ կստանա և արդյունքը կներկայացնի անձամբ ինքը։ Սպասված տեղեկանքը այդպես էլ չի ստացվել։ Ընթացքում հեռացվել է խորհրդի անդամներից մեկը։ Իսկ ՈՒրիխանյանը, որպես հեռացվածի գործի շարունակող, մնացել է աներեր, կառչած չարաբաստիկ խնդրից. եթե բացվել են 50 հազարից ավելի աշխատատեղեր, ու՞ր են փոխանցված գումարները։ Հիմա վարչապետն ասում է՝ կան և դրանք տարբեր ցիկլերով են փոխանցվում։ Պատգամավորը չի առարկում, բայց այս դեպքում ընդամենը հարցնում է՝ ինչու՞ են տարբեր կառույցներ իրարից տարբեր թվեր մատուցում։ ՈՒ՞մ հավատալ և կամ ի՞նչ հիմնավորվածությամբ։
ՊԵԿ-ը մի առիթով պարզաբանել է գործընթացի մանրամասները, նշել, որ հավաքված և հիմնադրամ փոխանցվող գումարները նույնը լինել չեն կարող՝ կապված տնտեսավարողների կողմից կատարվող տոկոսային փոխանցումների հետ։ Այսինքն, եթե 100 %-ից մի չնչին պակաս գումար է վճարվել, տվյալ ընկերության համար պարտադիր ամբողջ գումարը չի լինի հիմնադրամ կատարվող փոխանցումների ցանկում այնքան ժամանակ, մինչև ընկերությունը պակասորդը չմարի։ Մի խոսքով, մշակված մեխանիզմը հասանելի չէ բոլորին, ուղիղ գծի փոխարեն զիգզագաձև է, լաբիրինթոսներ տանող, որից մաքուր դուրս գալը դյուրին չէ։ Դրանում ավելորդ անգամ համոզվեցինք, երբ փորձեցինք ճշտել 347,8 մլն դրամի աճի տեղեկատվության աղբյուրը։ Վարչապետի աշխատակազմից մի առիթով տեղեկացրել էին, որ դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Ենթադրում ենք՝ նաև ժամանակ։
ՈՒրիխանյանի պարագայում շաբաթն ուրբաթից առաջ ընկավ. իշխանությունների համար անցանկալի հարցն անընդհատ թարմացնելուն զուգահեռ նա չթաքցրեց զարմանքն ու նեղսրտվածությունը՝ «Առանց ինձ հետ հանդիպել-զրուցելու, իմանում եմ, որ այլևս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ»։ Հեռացվել է սուսուփուս՝ նախորդի նման, շատ հարցեր տալու և քիթն այնտեղ խոթելու համար, որի իրավունքը չունի։ Այլ բան չես կարող ենթադրել։ Իսկ նույն պահին, իր «բարձրության» վրա գտնվող վարչապետը «դուխ» տվեց. «Ոչինչ, դուք նոր կարգավիճակում ավելի լավ կաշխատեք»։
Լավ աշխատելը չգիտեմ, բայց որ սպասվում է թեժ կռիվ, դա անխուսափելի է։ Բայց ոչ ԱԺ-ում, այլ դատարանում, որտեղ պատգամավորը հանդես է գալու պատասխանողի կարգավիճակում։ Հայցվորը հոգաբարձուների խորհուրդն է։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Ոմանք կարող են ենթադրել, որ խոսքի ազատության պայմաններում այլակարծությունը բանի տեղ դնող չկա։ Լա՛վ էլ դնում են՝ մեզանում արմատավորված ձևերով՝ փռելով, ծեփելով... դատական վարույթներ հարուցելով։ Օրինականությունն է միակ ճանապարհը, որտեղ պարզվում են ջրերը։ Ցավոք, երբ և ինչպես. մեկի կամքո՞վ, թե՞ կամքից անկախ, օրենքի գերակայությամբ։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ